Գյումրու քաղաքապետարանը հերքում է փոխքաղաքապետի ասածը. հոկտեմբերի 21–ին գործադուլ չի լինի

Համայնքապետարանի աշխատակազմը վստահ է, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շուտով կվերադառնա իր աշխատանքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու քաղաքապետարանը հերքում է, որ հոկտեմբերի 21–ին գործադուլ են անելու։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է հրապարակվել քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը (ի դեպ, նա Վարդան Ղուկասյանի փեսան է) հայտնել էր, որ ի աջակցություն համայնքապետ Վարդան Ղուկասյանի` Գյումրու համայնքապետարանը վաղվանից գործադուլ կանի։
«Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է քաղաքացիներին, որ չտրվեն սադրանքների։ Քաղաքապետարանը կոչ է անում պահպանել հանգստություն և չհետևել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների որոշ սադրիչ հայտարարություններին»,– ասված է հայտարարության մեջ։
Քաղաքապետարանից նաև հայտնել են, որ չնայած այսօր տեղի ունեցած ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ` քաղաքապետարանը վաղը կշարունակի իր բնականոն աշխատանքը։
«Մենք վստահ ենք, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ շուտով վերադառնալու է իր աշխատանքին»,– համոզմունք են հայտնել Գյումրու համայնքապետարանից։
Ինչպես հայտնել ենք, ուժայիններն առավոտյան ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Ժամեր անց Ղուկասյանն ինքը դուրս եկավ համայնքապետարանի շենքից և մոտեցավ իրավապահների ավտոմեքենային։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացումը խոչընդոտելու հատկանիշներով։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1–ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։...Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:
Հոկտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն արձագանքեց` իրավապահների ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի հայտարարության վրա։ Նա նշեց, որ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ, քանի որ, ըստ Ղուկասյանի, հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։