ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Կալիֆոռնիա նահանգի բազայում ԱՄՆ ծովային հետևակի 250-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ հրետանային արկ է պայթել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «The New York Times»-ին։
«Քեմփ Փենդլտոնի զորավարժարանում հրաձգության ժամանակ 155 մմ արկը ժամանակից շուտ պայթել է։ Բեկորներն ընկել են Կալիֆոռնիայի պարեկային ծառայություն իրականացնող մեքենայի և մոտոցիկլետի վրա, որոնք փոխնախագահ Ջեյ Դի Վենսի անվտանգության ավտոշարասյան մաս էին կազմում», – պարբերականին հայտնել է պարեկային ծառայության աղբյուրը։
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն մեքենայի վրա փոքր փոս է առաջացել։ Նշվում է, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը դեմ է եղել մայրուղու վրա հրաձգություն անցկացնելուն և կարգադրել է փակել ճանապարհի այդ հատվածը, թեև զինվորականները հավաստիացրել են, որ զորավարժություններն անվտանգ են։