ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում տղամարդը վիրավորվել է արտադրական ձեռնարկության վրա Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Շեբեկինո քաղաքում արտադրական ձեռնարկության վրա դրոնի հարձակման հետևանքով տղամարդ է վիրավորվել։ Տուժածին որովայնի թափանցող բեկորային վերքով շտապօգնության բրիգադը տեղափոխել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։ Տրամադրվում է անհրաժեշտ օգնություն: Ձեռնարկության տարածքում վնասվել են երկու սրահների ապակիները, պատերը և սարքավորումները», - գրել է Գլադկովը Telegram ալիքում։
Բացի այդ, մարզպետի խոսքով, ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել Բելգորոդի մարզի ևս վեց բնակավայր: Վնասվել են մասնավոր տնային տնտեսություններ Շեբեկինսկի շրջանի Նեժեգոլ գյուղում, Պլոտովկա խուտորում և Վոլոկոնովսկի շրջանի Կոնովալովո գյուղում, ինչպես նաև սոցիալական օբյեկտ Տիշանկա գյուղում:
«Բորիսովկա գյուղում անօդաչու թռչող սարքը հարձակվել է առևտրային ձեռնարկության վրա՝ վնասելով «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը։ Գրայվորոնսկի շրջանի Գորա-Պոդոլ գյուղում անօդաչու թռչող սարքը հարվածել է մասնավոր տանը», - հավելել է մարզպետը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։