ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան թալանել են Փարիզի Լուվրի թանգարանը։ X-ի իր էջում այդ մասին հայտնել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատրին։
«Ես տեղում եմ՝ թանգարանի աշխատակիցների և ոստիկանության հետ միասին»,- գրել է նախարարը։
Նա նշել է, որ կատարվածի հետևանքով տուժածներ չկան։ Թանգարանն այսօր փակ կլինի։
Հետաքննությունը շարունակվում է։
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ գողացվել են Նապոլեոնի ժամանակաշրջանի մի քանի ոսկյա իրեր՝ վզնոց, կրծքազարդ, գլխազարդ։ Հանցագործները հինգն են եղել, որ ներս են մտել Սենա գետի կողմից, բարձրացել են բեռնատար վերելակով, կոտրել ապակիներն ու ներս մտել հավաքածուի սրահ: Հանցագործներին հաջողվել է թաքնվել։