ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Իրական պրոֆեսոր՝ դաշտի կենտրոնական հատվածում․ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին այսպես են անվանել իտալական և համաշխարհային սպորտային լրատվամիջոցները «Ինտերի» արտագնա հաղթանակից հետո:
Իտալական A Սերիայի 7-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվեց «Ռոմա»-ին և հաղթանակ տարավ 1:0 հաշվով: Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել հիմնական կազմում և մասնակցել է հանդիպման բոլոր 90 րոպեներին:
«Մրցակցի դարպասի մոտ նա անհավանական անհաջողակ էր՝ սկզբում ոչ ճշգրիտ հարված, հետո գնդակը կպավ դարպասաձողին։ Մնացած ամեն ինչում՝ հսկա է, դև, որը տիրում է դաշտի կենտրական հատվածում՝ կիլոմետրեր անցնելով և անթիվ գնդակներ խլելով: Իսկական պրոֆեսոր», - գրում է իտալական Calcio Mercato պարբերականը։
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ում հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից: Նրա պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։