ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Երևանի Դավիթաշեն թաղամասում աշխատանքներ կատարելիս 2 քաղաքացի է հոսանքահարվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Անաստաս Միկոյան փողոցից 2 քաղաքացի էլեկտրահարված վիճակում տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Տեղում պարզվել է, որ Ա. Միկոյան 111/6 հասցեում կռունկի գործողությունների հետևանքով վնասվել են էլեկտրական լարերը, ինչի հետևանքով էլ կռունկավարն ու տեղում աշխատանքներ կատարող 1 հոգի էլեկտրահարվել են:
Վնասվել են նաև կայանված «Honda» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ աշխատանքային կանոնների չպահպանման հատկանիշներով։