ԱՄՆ-ն Բուդապեշտի գագաթնաժողովից առաջ ավելի շատ հանդիպումներ է ծրագրում ՌԴ-ի հետ. ԶԼՄ

Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում. Արխիվային լուսանկար
Նշվում է, որ ամերիկյան կողմը կգլխավորի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, այլ ոչ թե Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, հոկտեմբերի 19 — Sputnik. ԱՄՆ-ն պլանավորում է Բուդապեշտում նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից առաջ Ռուսաստանի հետ ավելի շատ նախնական ցածր մակարդակի հանդիպումներ անցկացնել, քան Ալյասկայի գագաթնաժողովից առաջ։ Այս մասին հայտնել է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյաներին։
Հոկտեմբերի 16–ին օրը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը ԱՄՆ առաջնորդի հետ, որն ամենաերկարատևներից մեկն է 2025-ի սկզբից ի վեր: Կողմերը քննարկել են, մասնավորապես, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Դրա արդյունքներով Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Պուտինի հետ անձնական հանդիպում անցկացնել Բուդապեշտում։
«Հույս ունենալով հիմք դնել համաձայնագրի համար՝ ԱՄՆ-ը նախատեսում է ավելի շատ հանդիպումներ անցկացնել Ռուսաստանի հետ ցածր մակարդակով, քան մինչ Ալյասկայի բանակցությունները», - ասվում է հոդվածում:
Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան կողմը կգլխավորի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, այլ ոչ թե Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը:
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են առանձնազրույց ունենալ Բուդապեշտում: Դրան նախորդելու է Մոսկվայի և Վաշինգտոնի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը։
Հունգարիայի ԱԳՆ-ն խոստացել է ապահովել Ռուսաստանի և ԱՄՆ-ի գագաթնաժողովի անվտանգությունը։ Գերատեսչության ղեկավար Պետեր Սիյարտոն ընդգծել է, որ Պուտինը կկարողանա անարգել ժամանել Հունգարիա, բանակցություններ վարել և հետ թռչել: