«Զավիկի ղարսի» մի քանի մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է

Հանրային սննդի կետերի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. «Զավիկի ղարսի» մի քանի մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լևոն 888» (Երևան, Շինարարներ 23) և «Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ին (Երևան, Բաբաջանյան 112/5) պատկանող («Զավիկի ղարս») հանրային սննդի կետերում։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ հանրային սննդի կետերն աշխատել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։
««Լևոն 888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետն ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով, պատերը չեն պահվել նորոգ վիճակում, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղանը, ինչպես նաև սառնարանների դարակաշարերը, գտնվել են ոչ նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։ «Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում էլ սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, խողովակները և հոսանքալարերը քողարկված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերով, հատակն էլ չի գտնվել նորոգ վիճակում»,- ասված է հաղորդագրությունում։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետերի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
Նշվում է, որ վերջին շրջանում կասեցվել էր նաև «Զավիկի ղարսի»՝ Սարյան փողոցի վրա գործող մասնաճյուղի գործունեությունը։ Այնտեղ էլ արտադրանքում հայտնաբերվել էր մանրեաբանական անհամապատասխանություններ։
«Զավիկի ղարսի» մի քանի մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է