Շղթայական ավտովթար Երևանում. ամեն ինչ սկսվել է թիվ 97 երթուղու ավտոբուսից

Ավտոբուսում եղած տեսախցիկները կտրամադրվեն քննչական մարմնին ու ապահովագրական ընկերություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում գրանցված թիվ 97 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ Ռուբինյանց փողոցում ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
«Ավտոբուսի վարորդը երթևեկության ընթացքում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ այն բախվել է ծառին, ինչպես նաև դիմացը կայանված մեկ այլ մեքենայի, որն էլ իր հերթին բախվել է 3-րդ մեքենային։ Ծառը կոտրվել է, 2 մեքենա բավականին վնասվել են, 3-րդը՝ ոչ այդքան»,- նշեց Ասատրյանը։
Նրա խոսքով՝ կայանված մեքենաներում ուղևորներ և վարորդներ չեն եղել, ավտոբուսում էլ մի քանի ուղևոր է եղել, որոնք չեն տուժել։ Հարցին՝ գուցե վարորդի ինքնազգացողությունն է վատացել, Ասատրյանը նշեց՝ անձամբ խոսել է վարորդի հետ, կարծես թե ամեն բան լավ է։
«Ավտոբուսում եղած տեսախցիկներն էլ կտրվեն քննչականին ու ապահովագրական ընկերություններին»,- ասաց նա։
Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 10:30-ի սահմաններում։
Երևանում բախվել են ավտոբուսն ու անչափահասի վարած ինքնագլորը. տղան հիվանդանոցում է