ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը Ուկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարումները կընկալի որպես թշնամական քայլ։ Սամարղանդում ԱՊՀ երկրների հետախուզությունների ղեկավարների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Եթե դա իրականանա, Ռուսաստանն այդ քայլը կընկալի որպես թշնամական... Դա զգալիորեն կբարձրացնի ռիսկերը ոչ միայն եվրոպական, այլև համաշխարհային անվտանգության ոլորտում», – ասել է Նարիշկինը։
Նրա խոսքով՝ այս թեման մասամբ քննարկվել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ժամանակ։
ԱՀԾ ղեկավարն ընդգծել է, որ Արևմուտքը չի հրաժարվել Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու խելահեղ երազանքից։
«Արևմուտքի մի շարք երկրների ու նախևառաջ ՆԱՏՕ-ի եվրոպական թևի նպատակը Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելն է։ Թեև պետք է ասել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու վերաբերյալ լացուկոցը որոշ չափով մարել է։ Սակայն արևմտականները չեն հրաժարվել այդ խելացնոր երազանքից», – ասել է Նարիշկինը։
Նշենք, որ երեկ Ռուսաստանի և ԱՄՆ–ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը երկուսուկես ժամ զրուցել են հեռախոսով։ Թրամփը «շատ արդյունավետ» է որակել զրույցը։
Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների այս հեռախոսազրույցն ութերորդն էր 2025 թվականի ընթացքում։ Թրամփի ընտրվելուց հետո առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 12-ին։