ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Սիրիայում գործող միջազգային ահաբեկչական կազմակերպության հանցակցի է ձերբակալել Անդրբայկալի երկրամասում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱԴԾ-ին։
«ՌԴ ԱԴԾ Անդրբայկալի երկրամասի գծով վարչությունը Սիրիայի տարածքում գործող և ՌԴ–ում արգելված միջազգային ահաբեկչական կազմակերպության հանցակցի է ձերբակալել ահաբեկչությունը ֆինանսավորելու համար։ Տղամարդը, հետևելով Ռուսաստանում արգելված կազմակերպության ներկայացուցիչներից Telegram–ով ստացված հրահանգներին, գումար է փոխանցել զինյալների հաշվեհամարներին՝ զենք, տրանսպորտային միջոցներ, հանդերձանք գնելու, ինչպես նաև ահաբեկչությունը քարոզելու համար», – ասվում է հայտարարության մեջ։
Ձերբակալվածի բնակության վայրից առգրավվել են կապի միջոցներ, վճարային գործիքներ և այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են նրա անօրինական գործունեությունը։
Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 205.1 հոդվածի 1.1 մասով (օժանդակություն ահաբեկչական գործունեությանը): Տղամարդուն ցմահ ազատազրկում է սպառնում։