ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Պաբլո Պիկասոյի գլուխգործոցն անհետացել է Իսպանիայում տեղափոխման ժամանակ, հայտնում է The Guardian-ը։
Նկարչի «Նատյուրմորտ կիթառով» (1919) անվանումով փոքրիկ նկարը կորել է Մադրիդից Գրանադա տեղափոխման ժամանակ: Մոտ 600 հազար եվրո արժողությամբ աշխատանքը պետք է դառնար CajaGranada հիմնադրամի ժամանակավոր ցուցահանդեսի մի մասը, սակայն թանգարան այդպես էլ չի հասել։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին։ Հիմնադրամի տվյալներով՝ նկարը տեղափոխում էին մասնագիտացված տրանսպորտով։ Ժամանելուց հետո CajaGranada-ի աշխատակիցները բացել են բեռը և աշխատանքները դասավորել են տարբեր սրահներում, բայց ցուցահանդեսի համադրողը և ցուցադրությունների բաժնի ղեկավարը նկատել են, որ կտավներից մեկը բացակայում է։
Իսպանիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ արվեստի գործերը տեղափոխող ֆուրգոնը կարող էր գիշերային կանգառ կատարել Գրանադայից ոչ հեռու, իսկ ուղեկցողներից երկուսը հերթով հերթապահել են մեքենայի մոտ:
Անհետացած աշխատանքը 12,7x9,8 սանտիմետր չափսի փոքրիկ կտավ է, որը պատկանում էր մադրիդցի մասնավոր կոլեկցիոների: Աղբյուրները նշում են, որ բեռնաթափման ժամանակ նկարների մի մասը սխալ է համարակալվել, ինչը դժվարացրել է բոլոր ցուցանմուշների առկայության օպերատիվ ստուգումը:
Պիկասոյի աշխատանքները հաճախ են հանցագործների հետաքրքրության առարկա դառնում։ Վերջին տասնամյակների ընթացքում գողացել են նրա տասնյակ գործեր, այդ թվում՝ 2007 թվականին նկարչի թոռնուհու փարիզյան տնից 50 միլիոն եվրո արժողությամբ երկու կտավ, իսկ 1989 թվականին մյուս թոռնուհու՝ Մարինա Պիկասոյի վիլլայից գողացել էին արվեստի տասներկու գործ։