«Արդար գործարք է պետք». Թրամփը՝ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների մասին

ԱՄՆ նախագահը հաստատել է, որ մի քանի շաբաթից հանդիպում կունենա Չինաստանի նախագահի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր երկրի և ՉԺՀ-ի հարաբերություններում ամեն ինչ լավ կլինի, սակայն դրա համար հարկավոր է «արդար» համաձայնագիր կնքել: ԱՄՆ առաջնորդն այդ մասին ասել է «Fox News» հեռուստաալիքին։
«Կարծում եմ՝ Չինաստանի հետ ամեն ինչ լավ կլինի, բայց մենք պետք է արդար գործարք կնքենք», - հայտարարել է նա:
Թրամփը վստահեցրել է, որ լավ հարաբերություններ ունի ՉԺՀ-ի առաջնորդ Սի Ծինփինի հետ, նրան անվանել է շատ ուժեղ առաջնորդ և զարմանալի մարդ, որի կյանքի մասին կարելի է հիանալի ֆիլմ նկարահանել:
«Նա շատ ուժեղ առաջնորդ է, զարմանալի մարդ... Նրա կյանքը զարմանալի պատմություն է, պատմություն հիանալի ֆիլմի համար», - ասել է Թրամփը։
Նա հաստատել է, որ մի քանի շաբաթից Հարավային Կորեայում առանձին հանդիպում կունենա ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ:
Չինաստանն ու ԱՄՆ-ն փաստացի առևտրային պատերազմի մեջ են, որը բռնկվեց փետրվարին, երբ Թրամփը չինական ապրանքների ներմուծման համար 10% մաքսատուրք սահմանեց: Մարտին մաքսատուրքը հասավ 20%–ի։ Մի քանի պատասխան քայլերից հետո չինական ապրանքների համար ԱՄՆ–ի մաքսատուրքը հասավ 145%-ի, իսկ Չինաստանն ամերիկյան մատակարարների համար սահմանեց 125% տուրք։ Այնուհետև կողմերը պայմանավորվեցին տուրքերը մայիսի 14-ից 90 օրով իջեցնել մինչև 10%: Չինաստանը սկսեց 10% մաքսատուրք կիրառել ամերիկյան ներմուծվող ապրանքների համար, իսկ ԱՄՆ–ն` 30%, քանի որ շարունակում է գործել 20%-անոց «ֆենտանիլ» տուրքը: Գարնան վերջին-ամռան սկզբին կողմերը միմյանց մեղադրեցին նախնական պայմանավորվածությունները խախտելու մեջ։
Երկու շաբաթվա ընթացքում կամ ավելի ուշ. Պեսկովը` Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման մասին