ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը՝ արձագանքելով Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցների ձայնագրություններին։
Իշխանական ԶԼՄ-ներն այսօր 2023 թվականին արված ձայնագրություն են տարածել, որում նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանն կաթողիկոսին մեղադրում է, թե իբր ստիպում է, որ ինքն ընտանիքի անդամների հետ հանրահավաքի մասնակցի։
«Իշխանությունների կողմից՝ եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների, այդ թվում վերջին օրերին տասնյակ հոգևորականների բերման ենթարկելու և երկու եկեղեցականների կալանքի տանելու ենթատեքստում, արդեն իսկ ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական այս արարքի հետևում»,- նշված է Մայր աթոռի հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ ամենայն հայոց կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։
Մայր աթոռը շեշտում է՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումն ինքնին հանցագործություն է։ Հույս են հայտնել, որ իրավապահ համարժեք արձագանք կտան այս հանգամանքին։
Նշենք, որ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ քննության առարկա կդարձնի Մայր աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ու Վեհափառի նախկին գավազանակրի խոսակցության ձայնագրությունը։