ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովող գազաէներգետիկ ենթակառուցվածքին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի տարածքում քաղաքացիական թիրախների նկատմամբ Ուկրաինայի ահաբեկչական հարձակումներին ի պատասխան՝ ՌԴ ԶՈւ–ն այս գիշեր զանգվածային հարված է հասցրել ցամաքային, օդային և ծովային տեղակայման հեռահար բարձր ճշգրտություն ունեցող զենքով, այդ թվում՝ «Կինժալ» գերձայնային աերոբալիստիկ հրթիռներով, ինչպես նաև հարվածային անօդաչուներով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարվածն ուղղված է եղել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունն ապահովող գազաէներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։
ՌԴ ՊՆ–ն հայտնել է, որ բոլոր նախանշված թիրախները խոցվել են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։