Tomahawk-ի փոխանցումն Ուկրաինային կարող է էսկալացիայի որակապես նոր մակարդակի հանգեցնել. ՌԴ

Կրեմլում հայտարարել են, որ Մոսկվայի դիրքորոշումը հայտնի է Վաշինգտոնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Tomahawk-ի փոխանցումն Ուկրաինային կարող է հանգեցնել էսկալացիայի որակապես նոր մակարդակի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Tomahawk-ի թեման հայտնվում է ամբողջ ժամանակ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տված գնահատականները հնչել են բազմիցս։ Դա կլինի շատ էական քայլ էսկալացիայի որակապես նոր մակարդակի ուղղությամբ։ Մեր դիրքորոշումն այստեղ չափազանց պարզ է, և այն լավ հայտնի է և Վաշինգտոնին, և Կիևին», - ասել է Պեսկովը լրագրողներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ գրեթե որոշում է կայացրել Ուկրաինային Tomahawk թևավոր հրթիռների հնարավոր մատակարարման հարցում, սակայն կցանկանար հասկանալ, թե ինչպես է Կիևի ռեժիմը մտադիր դրանք օգտագործել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Կիևի կողմից Tomahawk հրթիռների կիրառումը կվնասի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին: Նա նշել է, որ անհնար կլինի այդ հրթիռներն Ուկրաինայում կիրառելն առանց ամերիկացի զինծառայողների անմիջական մասնակցության։
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները խանգարում են խնդրի կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներքաշում են հակամարտության մեջ և ըստ էության՝ «կրակի հետ խաղ» են։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի համար սպառազինություն պարունակող ցանկացած բեռ Ռուսաստանը դիտարկում է, որպես օրինական թիրախ: Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։