ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն առաջիկա 15 տարում նախատեսում է գործարկել ավելի քան 29 գիգավատտ հզորությամբ ատոմային էլեկտրակայաններ, այդ թվում՝ փոքր ԱԷԿ-ներ: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահը Մոսկվայում «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի ժամանակ։
«Ռուսաստանում մեկուկես տասնամյակի հեռանկարում նախատեսվում է ավելի քան 29 գիգավատտ հզորությամբ ատոմային էլեկտրակայանների, այդ թվում՝ փոքր ԱԷԿ-ների գործարկում», - ասել է Պուտինը:
ՌԴ նախագահն ընդգծել է` Ռուսաստանն աշխարհում միակ երկիրն է, որը հմտություններ ունի միջուկային էներգետիկայի ամբողջ շղթայում։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է ԲՐԻԿՍ-ի գծով խորացնել ատոմային ոլորտում Գլոբալ Հարավի երկրների հետ համագործակցությունը:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը ոչ մեկից կախված չէ ատոմային ոլորտում:
«... Այստեղ Ռուսաստանն իսկապես բացարձակ առաջատար է։ Ոչ մեկից կախվածություն չկա: Այն ամենը, ինչ արվում է ատոմային ոլորտում, արվում է Ռուսաստանում», - ասել է Պուտինը։
Հոկտեմբերի 15-17-ը Մոսկվայում անցկացվում է «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովը, որը միջազգային մակարդակի խոշորագույն քննարկման հարթակ է համաշխարհային վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման միտումների քննարկման համար:
Համաժողովին մասնակցում են պետությունների և կառավարությունների ղեկավարներ, միջազգային խոշորագույն էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչներ և ոլորտի առաջատարներ: