ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Ռակիտյանսկի շրջանի Իլեկ-Կոշարի գյուղում ավտոբուսի և Գրայվորոնի շրջանի Գորա-Պոդոլ գյուղում մասնավոր տան վրա ուկրաինական դրոնների հարձակումների հետևանքով չորս մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
Գլադկովի տվյալներով` Ռակիտյանսկի շրջանի Իլեկ Կոշարի գյուղում ավտոբուսի վրա FPV-դրոնի հարձակման հետևանքով երեք մարդ է վիրավորվել՝ վարորդը և երկու կին:
«Շրջկենտրոնի հիվանդանոց հասցված վիրավորները ստացել են բազմաթիվ բեկորային վնասվածքներ: Բժիշկների տեղեկություններով՝ նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մեքենան վնասվել է»,-իր տելեգրամյան ալիքում գրել է մարզպետը։
Իսկ Գրայվորոնի շրջանի Գորա Պոդոլ գյուղի մասնավոր տներից մեկին դրոնի հարվածից մի կին է տուժել։
Ինչպես հայտնել է Գլադկովը, տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշել են ականապայթյունային վնասվածք և բարոտրավմա։
«Հետագա հետազոտության և բուժման համար բոլոր տուժածները կտեղափոխվեն Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց», - հավելել է Գլադկովը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։