ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցը շատ արդյունավետ է եղել:
«Հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և այն շատ արդյունավետ էր»,- Truth Social-ում հայտնել է ԱՄՆ նախագահը:
Թրամփի խոսքով՝ Պուտինը շնորհավորել է իրեն և Միացյալ Նահանգներին «մեծ նվաճման»՝ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման կապակցությամբ, ինչի մասին մարդիկ «երազում էին դարեր շարունակ»: Ամերիկացի առաջնորդը վստահ է, որ Մերձավոր Արևելքում հաջողությունը կօգնի ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին:
Նա նշել է, որ զրույցի ընթացքում շատ ժամանակ է հատկացվել Ուկրաինայի իրադրության կարգավորումից հետո Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի հարցերի քննարկմանը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքն ու Պուտինը պայմանավորվել են, որ հաջորդ շաբաթ բարձր մակարդակի խորհրդականների հանդիպում կկայանա:
«Միացյալ Նահանգներում առաջին հանդիպումները տեղի կունենան պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ինչպես նաև մի շարք այլ անձանց ղեկավարությամբ, որոնք կնշանակվեն ավելի ուշ։ Հանդիպման անցկացման վայրը կորոշվի ավելի ուշ»,-նշել է նա։
Բացի այդ, երկու երկրների ղեկավարները մտադիր են հանդիպել Բուդապեշտում։
«Նախագահ Պուտինը և ես այնուհետև կհանդիպենք համաձայնեցված վայրում՝ Բուդապեշտում (Հունգարիա), որպեսզի քննարկենք, թե արդյոք մենք կարող ենք վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին»,-գրել է Սպիտակ տան ղեկավարը:
ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է ակնկալում հանդիպել ՌԴ նախագահի հետ
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Զելենսկու հետ։