ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելն ԱՄՆ–ին տեղեկացրել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը բավարար ջանքեր չի գործադրում մահացած իսրայելցի պատանդների մարմինները հայտնաբերելու համար, և որ այդ պատճառով Գազայի գծով համաձայնագրի հաջորդ փուլին անցնելը դեռ անհնար է։ Այս մասին գրում է Axios պորտալը՝ հղում անելով իսրայելցի երկու և ամերիկացի մեկ պաշտոնյայի։
«Իսրայելը տեղեկացրել է Թրամփի վարչակազմին, որ ՀԱՄԱՍ-ը բավարար ջանքեր չի գործադրում մահացած իսրայելցի պատանդների մարմինները հայտնաբերելու համար, և որ Գազայի համաձայնագիրը չի կարող անցնել հաջորդ փուլ, մինչև իրավիճակը չփոխվի», – հաղորդում է պորտալը։
Հաղորդագրության համաձայն` իսրայելցի պաշտոնյաները խոստովանում են, որ մարմինների փոքր մասի հայտնաբերումը դժվար կլինի, բայց պնդում են, որ 15-20 մարմին կարող է արագ վերադարձվել։
Ամերիկացի պաշտոնյան պորտալին հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը կվերադարձնի բոլոր մարմինները, սակայն դա ժամանակ կպահանջի։ Նրա խոսքով` ԱՄՆ-ն կշարունակի աշխատել այս հարցի շուրջ, բայց չի կարող թույլ տալ, որ Գազայի համաձայնագիրը խափանվի։
Հոկտեմբերի 9-ին Թրամփը հայտարարեց, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ–ը համաձայնության են եկել Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու խաղաղության ծրագրի առաջին փուլը իրականացնելու վերաբերյալ: Առաջին փուլի ընթացքում շարժումը ազատ կարձակի իսրայելցի պատանդներին, իսկ Իսրայելը հետ կքաշի իր զորքը դեպի Գազայի հատվածի ներսում համաձայնեցված գիծ և կազատի հարյուրավոր պաղեստինցիների իսրայելական բանտերից, այդ թվում՝ ահաբեկչության համար ցմահ դատապարտվածներին: