Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու միջնորդություն կներկայացվի. փաստաբան

Կոչուբաևը մեղադրանքը չի ընդունում, ցուցմունք չի տվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik, Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Կոչուբաևի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։
«Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալված է 24 ժամով՝ դատարան ներկայացնելու նպատակով, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար»,- ասաց Ալեքսանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Ալեքսանդր Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):
Ալեքսանյանը հավելեց, որ Կոչուբաևը մեղադրանքը չի ընդունում, ցուցմունք տալուց հրաժարվել է, բայց վերահաստատել է, որ գրառումն իրեն է պատկանում։ Նա նշեց, որ Կոչուբաևի մեղադրանքը կապված է վերջինիս ֆեյսբուքյան գրառման հետ, որը միգուցե կարող է այլ անձանց մոտ տպավորություն ստեղծել որպես վիրավորական։
«Բայց մենք շատ լավ գիտենք, որ վիրավորանքը որպես այդպիսին ապաքրեականացվել է ու վիրավորանքի համար քրեական պատասխանատվության չափանիշ նախատեսված չէ։ Տվյալ պարագայում նրա գրառման մեջ որևէ արատավորող տեղեկատվություն չկա, որովհետև արատավորող տեղեկատվությունը մենք հասկանում ենք այնպիսի տեղեկատվություն, որն օբյեկտիվ իրականությունում գոյություն չունի՝ կեղծ է։ Եթե ուշադիր եք եղել, ապա գրառման մեջ որևէ տեղեկատվություն չկա, այլ գնահատական է տրված նրանց արարքին»,- մանրամասնեց Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է մեղադրանքի 2-րդ հատվածին՝ անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելուն, Էրիկ Ալեքսանյանն ասաց. «Դժվար եմ պատկերացնում, թե Ալեքսանդր Կոչուբաևն իր գրառմամբ ինչպես է նրանց օրինական շահերին վնաս պատճառում»։
Հիշեցնենք` ԱԱԾ–ն Կոչուբաևին բերման է ենթարկել այսօր Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն է։
Սոցցանցերում հրապարակվել են նրան բերման ենթարկելու կադրերը։