ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Գազայի հատվածում հակամարտության կարգավորման հարցերով ԱՄՆ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը ծրագրում է լքել ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը՝ իր բիզնեսին ավելի շատ ուշադրություն տրամադրելու համար։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Middle East Eye-ին։
Սեպտեմբերի վերջին Times of Israel թերթը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, հաղորդել էր, որ այս տարեվերջին Սթիվ Ուիտկոֆը կարող է լքել նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդի պաշտոնը։
«Ուիտկոֆը ծրագրում է լքել Թրամփի վարչակազմը՝ կենտրոնանալու համար իր բիզնեսի վրա՝ Մերձավոր Արևելքում հոգնեցուցիչ դիվանագիտական գրաֆիկից հետո», – պարբերականին հայտնել են երկու անանուն աղբյուրները։
Պարբերականը չի նշում, թե կոնկրետ երբ հատուկ դեսպանորդը կլքի իր պաշտոնը։
Գործարար Ուիտկոֆը Թրամփի վարչակազմում պատասխանատու է Ուկրաինայում և Գազայում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար։