ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Սիրիայի հարաբերությունները միշտ կրել են բացառապես բարեկամական բնույթ, որը պայմանավորված չէ քաղաքական նպատակահարմարությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ։
«Ավելի քան 80 տարի մենք պահպանում ենք դիվանագիտական կապերը, ընդ որում, դրանք հաստատվել են Ռուսաստանի, Խորհրդային Միության համար դժվարագույն ժամանակներում՝ 1944 թվականին։ Այդ ընթացքում Սիրիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները միշտ կրել են բացառապես բարեկամական բնույթ», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինն ընդգծել է, որ Սիրիայի հետ հարաբերություններում Ռուսաստանը միշտ առաջնորդվել է սիրիական ժողովրդի շահերով:
«Ռուսաստանը երբեք Սիրիայի հետ կապված որևէ հարաբերություն չի ունեցել՝ կապված քաղաքական նպատակահարմարության կամ իր առանձին շահերի հետ։ Մենք այս բոլոր տասնամյակների ընթացքում միշտ առաջնորդվել ենք մեկ բանով՝ Սիրիայի ժողովրդի շահերով», - ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է ԱԳՆ-ի գծով Սիրիայի հետ անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ։
Իր հերթին Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ Դամասկոսը կփորձի վերագործարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների համալիրը:
«Մենք կփորձենք վերագործարկել մեր հարաբերությունների համալիրը և, այդ թվում, ձեզ ծանոթացնել նոր Սիրիայի հետ։ Ամենակարևորը հիմա, իհարկե, կայունությունն է։ Կայունություն և երկրում, և ամբողջ տարածաշրջանում»,- հայտարարել է նա։
Նշենք, որ Վլադիմիր Պուտինն ու Ահմեդ աշ-Շարաան բանակցություններ են վարում առաջին անգամ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինն ու ալ-Շարաան կքննարկեն ռուս-սիրիական կապերի զարգացման հեռանկարները և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները: