ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու վերաբերյալ տեղեկություններ ստանալուց ու Քննչական կոմիտե ու ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին այցելության արդյունքում ՄԻՊ արագ արձագանքման խումբը մի շարք խախտումներ է արձանագրել։
ՄԻՊ-ի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, մասնավորապես, որ վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին՝ առանց քրեադատավարական ընթացակարգերի պատշաճ պահպանման։
«Անձին փաստացի ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է համապատասխանի իրավաչափության սահմանված չափանիշներին և իրականացվի բացառապես քրեադատավարական ընթացակարգերի շրջանակում: Անթույլատրելի ենք համարում նաև անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով վարույթն իրականացնող մարմին ժամանած փաստաբանների մուտքի և վստահորդների հետ տեսակցելու առումով խնդիրներ ստեղծելու դեպքերը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Օմբուդսմենի գրասենյակից ընդգծում են` նման գործելաոճը վտանգում է վարույթն իրականացնող մարմնի շենքում գտնվող՝ հատկապես քրեական հետապնդման ենթարկվող անձանց իրավաբանական օգնություն ստանալու, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված այլ իրավունքների պատշաճ իրացումը:
ՄԻՊ–ը նաև մտահոգիչ է համնարել այն, որ ազատությունից զրկված անձին հնարավորություն չի ընձեռնվել իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին:
Բացի այդ, ՄԻՊ աշխատակազմը կապի մեջ է գտնվում փաստաբանների հետ, այդ թվում՝ նրանց է տրամադրվում տեղեկատվություն նրանց վստահորդների գտնվելու վայրի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ իրավապահները վաղ առավոտյան խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ` Փառեն քահանա Առաքելյանը, Հայկ քահանա Քոչարյանը, Մկրտիչ քահանա Երանյանը, Մանուկ քահանա Զեյնալյանը, Ղևոնդ քահանա Գափոյանը, Հայկ քահանա Սահակյանը, Սարգիս քահանա Սարգսյանը, Գարեգին քահանա Արսենյանը, Նարեկ քահանա Սարգսյանը, Օշին քահանա Հայրապետյանը, Վրթանես քահանա Բաղալյանը, Համբարձում քահանա Դանիելյանը, Արագածոտնի թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` նրանք բերման են ենթարկվել հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու, խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու կասկածանքով։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։