ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորաման փուլի 4-րդ խաղում Հայաստանի հավաքականը 0։1 հաշվով զիջեց Իռլանդիայի հավաքականին։
Խաղի նախորդ օրը Իռլանդիայի և Հայաստանի հավաքականների մարզիչները, նշելով խաղի շատ մեծ նշանակությունը իրենց թիմերի համար, ընդգծեցին, որ խաղադաշտում «պատերազմ» է լինելու։
Դրվագ Հայաստան– Իռլանդիա հանդիպումից
© YantsImages / Asatur Yesayants
Խաղի մեկնարկային 30 րոպեների ընթացքում հանդիպման տեմպը բարձր չէր, բայց ավելի վտանգավոր էին իռլանդացիների գրոհները։
Մեր թիմի պաշտպանները վստահ էին գործում, ու արժանի մրցակից էին նաև օդային պայքարում։
Դրվագ Հայաստան– Իռլանդիա հանդիպումից
© YantsImages / Asatur Yesayants
Հանդիպման 38-րդ րոպեին մեր հավաքականը ուսուցողական հակագրոհ անցկացրեց, որը ընթացքից հարվածով եզրափակեց Էդուարդ Սպերցյանը, բայց նա վրիպեց։ Սա խաղում գոլային իրական առաջին պահն էր։ Մինչև ընդմիջում հաշիվը չբացվեց։
Դրվագ Հայաստան– Իռլանդիա հանդիպումից
© YantsImages / Asatur Yesayants
Երկրորդ խաղակեսում մեր թիմի համար վտանգավոր ոչինչ չկար։ Դեռևս հույսեր էինք փայփայում այս խաղում հաղթանակի հասնելու համար։ Բայց Տիգրան Բարսեղյանի նյարդերը տեղի տվեցին, ու կարմիր քարտից հետո մեր թիմը մնաց տասը ֆուտբոլիստով։ Միջադեպը մեկնաբանելու կարիք էլ չկա։ Պարզապես նշենք, որ նման խաղում այսպիսի պահվածքը արդարացում չունի։
Տիգրան Բարսեղյանը կարմիր քարտ է ստանում
© YantsImages / Asatur Yesayants
Իսկ իռլանդացիները թվային առավելություն ստանալուց հետո անմիջապես ակտիվացան, ու եթե Հենրի Ավագյանը փայլուն չխաղար, անմիջապես էլ գնդակ կընդունեինք սեփական դարպասը։
Մեր դարպասապահը մի քանի անգամ էլ փրկեց թիմին, բայց 70-րդ րոպեին նա էլարդեն անկարող էր դա անել։ Իռլանդիան առաջ անցավ հաշվի մեջ։
Դրվագ Հայաստան– Իռլանդիա հանդիպումից
© YantsImages / Asatur Yesayants
Մեր հավաքականը մնացած ժամանակահատվածում փորձում էր գրոհել, բայց հիմնականում «անատամ», իսկ Հենրի Ավագյանը ևս մեկ անգամ կարողացավ մեր թիմին փրկել վերահաս գոլից. նա մեր թիմի լավագույն խաղացողն էր միանշանակ։
Դրվագ Հայաստան– Իռլանդիա հանդիպումից
© YantsImages / Asatur Yesayants
Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորաման փուլի հերթական հանդիպումը մեր հավաքականն անցկացնելու է նոյեմբերի 13-ին։ Այդ օրը Երևանում մեր ընտրանու մրցակիցն է լինելու Հունգարիայի հավաքականը։