ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում է «Страна»–ն։
Ըստ լրատվամիջոցի` քաղաքացիությունից զրկվել են նաև Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարյովը և բալետի արտիստ Սերգեյ Պոլունինը։
Ավելի վաղ Զելենսկին Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկի հետ խորհրդակցելուց հետո առանց անուններ նշելու ասել էր, թե հաստատվել է որոշ անձանց Ռուսաստանի քաղաքացիության առկայությունը, և այդ կապակցությամբ պատրաստվել են համապատասխան հրամանագրեր:
Տրուխանովն ավելի վաղ հայտարարել էր, որ 2014 թվականից խոսվում է, թե ինքը ռուսական անձնագիր ունի, բայց Ուկրաինայի համապատասխան մարմինները ստուգել են և հաստատել, որ այլ անձնագիր չկա։ Նա նաև նշել էր, որ պատրաստ է իր ասածն ապացուցել պոլիգրաֆ սարքով կամ այլ եղանակով։
Գենադի Տրուխանովը Օդեսայի քաղաքապետի պաշտոնը ստանձնել է 2014 թվականի մայիսին: Քաղաքացիությունից զրկվելուց հետո նա պետք է լքի այդ պաշտոնը։ Լրատվամիջոցները գրում են, որ նա այն սակավաթիվ անկախ քաղաքական գործիչներից է, որին Զելենսկին այդպես էլ չկարողացավ փոխարինել «իր մարդով»։