ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Արամուսում և Զովաշենում 4 մարդու սպանած տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել, նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Հոկտեմբերի 12-ին հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղում՝ դաշտում, հայտնաբերվել են ամուսիններ Արմենուհի Ղ.-ի և Գևորգ Ղ.-ի մարմինները՝ հրազենային և եղանի հարվածի հետքերով։ Ավելի ուշ հանցագործը ձերբակալվել էր։ Հոկտեմբերի 14–ին հայտնի դարձավ, որ Արամուսում ամուսիններին սպանած տղամարդը իր որսորդական հրացանով Զովաշենում ևս 2 անձի է սպանել:
«2025 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղից դեպի Նոր Գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի հարևանությամբ գտնվող հողամասում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Թ.Հ.-ն իրեն պատկանող ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչներ Մ.Ս.-ի և Գ.Ղ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս մահացել են: Այնուհետև Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին իրեն պատկանող հրացանով կրակոցներ է արձակել Վ.Մ.-ի և Մ.Հ.-ի ուղղությամբ՝ սպանելով նրանց: Կատարվածից անմիջապես հետո Թ.Հ.-ն հափշտակել է Վ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Իրավապահ կառույցը հայտնել է, որ քրեական վարույթները միացվել են։ Կասկածյալ Թ.Հ.-ին պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել է նրա հափշտակած ավտոմեքենայում:
Թ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ (շահադիտական դրդումներով այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանությունը) (2 դրվագ), 252-րդ 2-րդ մասի 7-րդ կետով (խոշոր չափերով ավազակությունը):