ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Կրեմլում պատասխանել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը պետք է «հատուցի», եթե շարունակի «համառել իր ռազմատենչ կամակորության մեջ»:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո ասել էր, որ եթե Մոսկվան հրաժարվի բանակցությունների վերսկսումից, ապա ստիպված կլինի վճարել: Պեսկովն ավելի վաղ ասել էր, որ հակամարտության կարգավորման դադարի պատճառը Կիևն է։
«Ռուսաստանն այս պահին այլընտրանքների բացակայության պատճառով շարունակում է հատուկ գործողությունը։ Այսպես թե այնպես Ռուսաստանը կապահովի իր շահերը և կհասնի իր առջև դրված նպատակներին»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կրեմլում նաև հույս ունեն, որ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը ուկրաինական հարցի լուծման հարցում նույնքան հաջող հանդես կգա, որքան Մերձավոր Արևելքի ճգնաժամի կարգավորման հարցում:
«Սթիվ Ուիտկոֆն արդյունավետ է գործում։ Նա դա ապացուցել է Մերձավոր Արևելքում»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Թուրքիայում ռուսական և ուկրաինական կողմերի նոր հանդիպման վերաբերյալ ծրագրեր դեռ չկան, բայց Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույցը կարելի է արագ համաձայնեցնել։
Հիշեցնենք` ռուսական և ուկրաինական պատվիրակությունների վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 23-ին Ստամբուլում։ Մոսկվան և Կիևը ստամբուլյան բանակցությունների ընթացքում պայմանավորվել են փոխգործակցել հումանիտար հարցերի շուրջ։ Դրանց արդյունքում կողմերը գերիների և վիրավորների մի քանի փոխանակում են իրականացրել։ Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել նաև զոհված զինծառայողների հազարավոր մարմիններ։