ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրել է Գազայում հրադադարը խախտելու մեջ. շարժման ներկայացուցիչ

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ զինվորները կրակ են բացել մի քանի կասկածյալների ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին և կրակ է բացել տեղի բնակիչների ուղղությամբ՝ չնայած հրադադարի մասին համաձայնությանը: Այս մասին այսօր հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Հազեմ Քասեմը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ զինվորները կրակ են բացել մի քանի կասկածյալների ուղղությամբ, որոնք Գազայի հատվածի հյուսիսում շարժվում էին զինվորականների ուղղությամբ:
«Այսօր առավոտյան իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին՝ սպանելով մի քանի բնակչի։ Դա համարվում է հրադադարի համաձայնագրի խախտում։ Մենք կրկին կոչ ենք անում տարբեր կողմերին հետևել Իսրայելի գործողություններին և թույլ չտալ նրան խուսափել Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ միջնորդների առջև ստանձնած պարտավորություններից»,- ասել է նա:
Իր հերթին Al Arabiya հեռուստաալիքը հայտնել է, որ իսրայելական գնդակոծությունների հետևանքով մեկ մարդ է զոհվել Խան Յունիսում, հինգը՝ Գազայի հատվածի արևելքում:
Թրամփը Գազայի հատվածի մասին խաղաղության համաձայնագիր է ստորագրել Եգիպտոսի գագաթնաժողովում
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 13–ին Իսրայելի հետ համաձայնագրի շրջանակում ազատ է արձակել 20 պատանդների, որոնք Գազայում պահվում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր, այդպիսով ողջ մնացած բոլոր պատանդներն ազատված են: Պաղեստինի բանտարկյալների գործերով մեդիա-գրասենյակը հաստատել է, որ Իսրայելը, հետևելով պայմանավորվածությանը, ազատ է արձակել Գազայի հատվածից 1718 բանտարկյալների, որոնք վերադարձել են անկլավ, և 250 պաղեստինցի բանտարկյալների, որոնք դատապարտված էին ցմահ կամ երկարաժամկետ բանտարկության: