Արամուսում ամուսիններին սպանելուց հետո տղամարդը ևս 2 սպանություն է գործել

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ 46-ամյա տղամարդն ու 44-ամյա կինը տեղում մահացել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Արամուսում ամուսիններին սպանած տղամարդը Զովաշենում իր որսորդական հրացանով ևս 2 անձի է սպանել: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տվյալներով՝ տղամարդը Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին կրակոցներ է արձակել Զովունում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Ռոստովում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ: Վերջիններս տեղում մահացել են:
Makaryan news-ը որոշ տեղեկություններ է հայտնել Զովաշենում տեղի ունեցած սպանության վերաբերյալ։
ԶԼՄ-ի տվյալներով՝ տղամարդը Արամուսի գազարի դաշտում ամուսիններին հրազենով սպանելուց հետո գնացել է Հատիս սարի հետևում գտնվող Զովաշեն գյուղ, որտեղ տեսել է Audi մակնիշի մեքենա, որի կողքին էլ՝ կին ու տղամարդ: Կան կասկածներ, որ հանցագործը պահանջել է մեքենայի բանալիները, սակայն տղամարդը չի տվել։ Հանցագործը կրակել է նրանց ուղղությամբ, այնուհետև վերցրել մեքենան ու փախուստի դիմել։ Ավելի ուշ հանցագործը հայտնաբերվել է հենց նշված Audi մակնիշի մեքենայով` հրազենն էլ՝ մեջը:
Նշենք, որ Sputnik Արմենիան փորձեց տեղեկությունները ճշտել ՀՀ քննչական կոմիտեում, որտեղ խոստացան ավելի ուշ պատասխանել մեր հարցերին։
Հոկտեմբերի 12-ին հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղում՝ դաշտում, հայտնաբերվել են ամուսիններ Արմենուհի Ղ.-ի և Գևորգ Ղ.-ի մարմինները՝ հրազենային և եղանի հարվածի հետքերով։ Ավելի ուշ հանցագործը ձերբակալվել էր։