Կանադական Hayasa Metals լեռնահանքային ընկերությունը, որը հանքաքարի որոնումներ է իրականացնում Վայոց Ձորի և Լոռու մարզերում, առաջիկա 4 տարվա երկրաբանական հետախուզության համար 15 մլն դոլար է ներգրավել: Այս մասին Sputnik Արմենիային ասաց ընկերության գործադիր տնօրեն Ջոել Սազերլենդը Հայաստանի Լեռնահանքային և մետալուրգիական ընկերությունների միության՝ վերջերս կայացած ամենամյա համաժողովի շրջանակում։
Ավելի վաղ արդեն գրել էինք ընկերության նախագծերի մասին։ Դրանցից մեկը պայմանականորեն կոչվում է «Վարդենիս», թեև գտնվում է համանուն քաղաքից մոտ 30 կմ դեպի հարավ-արևմուտք (ոչ թե Գեղարքունիքի, այլ Վայոց Ձորի մարզում)։ Երկրորդը՝ «Հանքակուտակը», գտնվում է Լոռու մարզում՝ Ուրասար գյուղի մոտ, Ստեփանավանից մի քանի կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։
Ջոել Սազերլենդ
© Sputnik / Aram Gareginyan
Այս երկու օբյեկտներն էլ ոչ թե հանքավայրեր են, այլ հանքային արտահայտումներ, քանի որ այնտեղ պաշարների առկայությունը դեռ վերջնականապես հաստատված չէ։ Մասնավորապես, «Վարդենիսում» (պայմանական անվանում է) ենթադրվում են պղնձի և մոլիբդենի պաշարներ, իսկ «Ուրասարում» օգտակար ռեսուրսը դեռ հաստատված չէ (հնարավոր է՝ ոսկի լինի, հնարավոր է՝ պղինձ)։ Մոտ մեկ տարի առաջ ընկերությունն իր անունը Fremont Gold-ից փոխեց Hayasa Metals-ի (այսպիսով, անունը նույնպես արտացոլում է այն փաստը, որ ենթադրյալ հանքաքարերը պարտադիր չէ, որ ոսկեբեր լինեն):
Նախկինում ընկերությունն աշխատում էր հիմնականում իր հիմնադիրների ներդրումների հաշվին, սակայն այս տարվա օգոստոսին կանադական Teck Resources լեռնահանքային ընկերությունից 15 մլն դոլարի ներդրում է ներգրավել: Միջոցները կծախսվեն առաջիկա 4 տարում «Վարդենիս» օբյեկտում երկրաբանականհետախուզական աշխատանքները շարունակելու համար։
Ինչ վերաբերում է հետախուզության ծավալներին, ապա Ուրասարում (Հանքուտակ) ընկերությունն ավարտել է 2 հազար մետր հորատանցքերի փորման տարեկան ծրագիրը (արդյունքները կհրապարակվեն մոտ ապագայում): Վարդենիսում շուտով կավարտվի 4-4.5 հազար մետրի հորատման ծրագիրը։ 2026 թվականին նախատեսվում է երկու հնարավոր հանքավայրերի հորատում ոչ պակաս ծավալով։ Ավելի ինտենսիվ հորատում դեռ չի նախատեսվում (ծրագրերը կարող են փոխվել, եթե անսպասելիորեն զգալի պաշարներ հայտնաբերվեն):
Ընկերությունում մի քանի հաստիքային աշխատակից կա, սակայն երկրաբանական հետախուզության սեզոնին աշխատողներ են ներգրավվում մոտակա գյուղերից։