ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին՝ խնդրելով կենտրոնանալ Ուկրաինայի ճգնաժամի լուծման վրա:
«Եթե դեմ չեք, Սթիվ, ապա եկեք նախ կենտրոնանանք Ռուսաստանի վրա», - հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Իսրայելի խորհրդարանում։
Նա կրկին հիշեցրել է, որ այդ հակամարտությունն ինքը ժառանգել է նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմից: Թրամփը խոստովանել է, որ սկզբում կարծում էր, թե դա ավելի հեշտ կլինի կարգավորել, քան մերձավորարևելյան հակամարտությունը:
Այնինչ, հակամարտության բարդության մասին խոսում է անգամ այն փաստը, որ Սթիվ Ուիտկոֆի և Վլադիմիր Պուտինի առաջին զրույցը տևել է հինգ ժամ։
«Հինգ ժամ անց նա (Ուիտկոֆը - խմբ.) դուրս եկավ, և ես հարցրեցի՝ ի՞նչ եք դուք հինգ ժամ խոսել։ Նա պատասխանեց, որ շատ հետաքրքիր բաներ են քննարկվել», - ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Իսրայելի խորհրդարանում։
Այսօր առավոտյան Թրամփը ժամանել է Իսրայել: Նրա այցը տեղի է ունենում Գազայի հատվածում հրադադարի և իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ ձեռք բերված համաձայնության ֆոնին: