Թրամփին Իսրայելում դիմավորել են հսկայական պաստառով

Թրամփի այցն Իսրայել ընթանում է Գազայի հատվածում հրադադարի և իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ ձեռք բերված համաձայնության ֆոնին:
Sputnik
«Շնորհակալություն» բառով հսկայական պաստառ է հայտնվել Թել Ավիվի լողափին Դոնալդ Թրամփի Իսրայել ժամանման ֆոնին։
Օդանավակայանում ԱՄՆ նախագահին դիմավորել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տիկնոջ հետ, ինչպես նաև Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը տիկնոջ հետ միասին:
Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ավտոշարասյունը լքել է «Բեն Գուրիոն» օդանավակայանը և ուղղվել է դեպի Երուսաղեմ: Առաջնորդները նույն մեքենայով են գնում, ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ նրանք երկար առանձնազրույց են ունեցել։
Այսօր ազատ արձակված 7 պատանդներից բաղկացած առաջին խումբը ժամանել է Իսրայել՝ Գազայի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ նախագահի ծրագրի շրջանակներում:
Սեպտեմբերի վերջի դրությամբ, իսրայելական կողմի տվյալներով, ՀԱՄԱՍ-ի կողմնակիցները շարունակում էին Գազայում պահել 20 կենդանի պատանդ և 28 զոհվածների մարմիններ։
Հիշեցնենք, որ Եգիպտոսում այսօր մեկնարկող «խաղաղության գագաթնաժողովին» ներկա կլինեն ավելի քան 20 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետը: Համաժողովի համանախագահներն են լինելու Եգիպտոսի և ԱՄՆ նախագահներ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին և Դոնալդ Թրամփը: Ընդ որում, ոչ Իսրայելը, ոչ ՀԱՄԱՍ շարժումը չեն մասնակցի դրան։