Հոկտեմբերի 11-ին Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Պակիստանի դեմ «հատուցման հաջող գործողության» մասին:
Ինչ է հայտնի գիշերային հարձակումների մասին:
«Al Jazeera» հեռուստաալիքը, հղում անելով Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը, հայտնել է 7 սահմանամերձ նահանգներում բախումների մասին: Գործողությունն սկսվել է ի պատասխան Քաբուլ քաղաքի և Հոսթ ու Նանգարհար նահանգների գնդակոծությունների:
Աֆղանստանը հարվածներ է հասցրել արևելյան և հարավային սահմանի մոտ գտնվող ռազմաբազաներին։ «Tolo news» հեռուստաալիքը, վկայակոչելով Թալիբանի կառավարության պաշտպանության նախարարության հայտարարությունը, պնդում է, որ հաջողվել է խոցել այն օբյեկտները, որոնցից անօդաչու թռչող սարքեր են արձակվել Աֆղանստան, ինչպես նաև այն կենտրոնները, որոնք կապված են ԻԼԻՊ-ի* հետ:
Պակիստանյան «SAMAA TV» հեռուստաալիքը պնդում է, որ Աֆղանստանը կրակ է բացել առանց պատճառի։ Պակիստանը պատասխան հարված է հասցրել՝ ոչնչացնելով աֆղանական մի քանի դիրքեր։
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «հատուցման գործողության» ավարտի մասին և զգուշացրել, որ Պակիստանի կողմից հաջորդ խախտման դեպքում երկրի զինված ուժերը «վճռական հակահարված կտան»:
Ավելի ուշ Պակիստանը հայտարարել էր բախումների արդյունքում աֆղանական 19 սահմանային հենակետերի գրավման մասին: «Geo» հեռուստաալիքը, հղում անելով անվտանգության ոլորտի իր աղբյուրներին, գրում է, որ Աֆղանստանն, իբր, օգտագործել է այդ կետերը հարևան պետության տարածքում հարձակումներ իրականացնելու համար:
«Tolo news» պորտալի տվյալներով՝ զոհվել է 12 պակիստանցի զինվորական։
Պակիստանը վաղուց է մեղադրում աֆղանական «Թալիբանին» այն բանում, որ թույլ է տալիս պակիստանյան «Թալիբանին» գործել իր տարածքում և պայքարել Իսլամաբադի դեմ ՝ իսլամական կառավարման խիստ համակարգ պարտադրելու նպատակով:
* ԻԼԻՊ - «Իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանի Դաշնության տարածքում: