Նիկոլ Փաշինյանը մեկնում է Եգիպտոս՝ Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն Եգիպտոսում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, Շարմ Էլ Շեյխ քաղաքում կմասնակցի Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին»,– գրել է նա։
Ավելի վաղ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը հայտնել էր, որ ԱՄՆ-ն հրավիրել է Հայաստանին, Ադրբեջանին և Իրանին՝ մասնակցելու Գազայում հրադադարի հարցով Եգիպտոսում կայանալիք խաղաղության գագաթնաժողովին։
Նշվում էր, որ ԱՄՆ-ն զգալիորեն ընդլայնել է հրավիրված երկրների ցանկը՝ ներառելով Իսպանիան, Ճապոնիան, Ադրբեջանը, Հայաստանը, Հունգարիան, Հնդկաստանը, Հունաստանը, Կիպրոսը, Բահրեյնը, Քուվեյթը, Կանադան և Սալվադորը ու Իրանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն ժամանել է Եգիպտոս:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում կայանալիք «խաղաղության գագաթնաժողովին» ներկա կլինեն ավելի քան 20 պետությունների առաջնորդներ: Համաժողովի համանախագահներն են լինելու Եգիպտոսի և ԱՄՆ նախագահներ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին և Դոնալդ Թրամփը: Ընդ որում, ոչ Իսրայելը, ոչ ՀԱՄԱՍ շարժումը չեն մասնակցի գագաթնաժողովին։