Jinja.app ընկերությունը Գյումրիից կթողարկի AI ծրագիր, որի միջոցով ծրագրավորման գիտելիքներ չունեցող անձինք կկարողանան իրենց համար բջջային հավելվածներ ստեղծել: Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նախագծի հիմնադիր Թոդ Ֆաբախերը DigiTec 2025 ցուցահանդեսի ժամանակ, նա ցանկանում է իր մշակումը շուկա դուրս բերել 2026 թվականի սկզբին, նրա թիրախային հաճախորդը կլինեն սկսնակ ձեռնարկությունները, որոնք բիզնես գաղափարներ ունեն, բայց ՏՏ մասնագետների համար գումար չունեն։
Ֆաբախերի մեկ այլ նախագիծ՝ Digital Pomegranate-ը, գործում է Գյումրիում արդեն շուրջ 13 տարի և մասնագիտացած է պատվերով հավելվածների ստեղծման մեջ։ Ֆաբախերի խոսքով՝ իր հաճախորդների փորձը ցույց է տալիս, որ սկսնակ նախագծերի 80%-ը հաջողության չի հասնում։
«Այսինքն նրանք միայն շուկա են մտնում, դեռ գումար չեն վաստակում, բայց արդեն պետք է գումար ծախսեն հավելվածի վրա, որը 80% հավանականությամբ չի արդարացնի իրեն։ Մեր արտադրանքը կօգնի նրանց խնայել այդ գումարը և ուղղել բուն գաղափարի զարգացմանը, այլ ոչ թե տեխնիկական բաղադրիչներին», - ասում է Ֆաբախերը:
Նրա խոսքով՝ նման AI-հավելվածների կոնստրուկտորները մեծ պահանջարկ ունեն աշխարհում։ Նման պրոդուկտ է գործարկել Google-ը, ինչպես նաև մի շարք ավելի փոքր ընկերություններ, այդ թվում՝ սթարթափ, որը հայտնվել է մի քանի ամիս առաջ, բայց շուկայական կապիտալիզացիայի ծավալով արդեն հասել է 100 մլն դոլարի մակարդակի:
Ֆաբախերը պարզաբանեց, որ իր արտադրանքի աշխատանքի համար ընկերությունը չի ստեղծել սեփական «մեծ լեզվական մոդելը» (LLM, արհեստական բանականության մոդել), այլ օգտվում է գործողներից մեկից՝ Qwen-ից (Alibaba կորպորացիայի մշակում): Այնուամենայնիվ, հավելեց գործարարը, ծրագրային կոդին, որը ստեղծվելու է իր «app-ֆաբրիկայում», հասանելիություն կունենա միայն տվյալ նախագծի պատվիրատուն։
«Ֆաբրիկան» նախատեսված չի լինի բարդ արտադրանքների համար (օրինակ, խաղերի կամ նեղ մասնագիտական, արդյունաբերական ծրագրերի), այլ ավելի շատ՝ ընդհանուր բնույթի բիզնես-հավելվածների համար (օրգանայզերներ, շնորհանդեսների կոնստրուկտորներ և այլն)։