ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Նուբարաշենի աղբավայրում տեղադրվել է արտաքին լուսավորության 8 հենասյուն, մոնտաժվում են արգելափակոցները՝ կատարվում են հիմնային աշխատանքներ։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ավարտվել է տեսախցիկների տեղադրման համար նախագծման ու տեղաբաշխման գործընթացը, նորոգվում է պահակակետը»,–նշել է Ավինյանը։
Անդրադառնալով աղբավայրում բռնկված հրդեհին` Ավինյանը նշել է, որ այս պահի դրությամբ արդեն 320 մեքենա հող է տեղափոխվել Նուբարաշենի աղբավայր: Տարածքում աշխատում է 32 միավոր բազմաֆունկցիոնալ և մասնագիտացված տեխնիկա, որից 5-ը` մարտական հաշվարկ:
«Կրակի լեզվակներն ամբողջությամբ մարվել են, վտանգավոր հատվածները, որտեղից ծուխ է դուրս գալիս, պատվում են հողածածկով: Առավոտյան 08:30-ի համեմատ գրեթե կիսով չափ պակասել է ծխածածկույթը, սակայն դեռևս կան ակտիվ օջախներ: Աշխատանքները շարունակվելու են ամբողջ գիշեր՝ մինչև վաղն առավոտ»,–նշել է նա:
Հիշեցնենք` Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել հոկտեմբերի 10–ի գիշերը, Երևանի տարբեր հատվածներից երևում էր այնտեղից բարձրացող ծխի մեծ ամպը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրդեհից ժամեր անց հայտարարեց, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը պատահական չէր, դիտավորություն էր` զգուշացնելով, որ հրդեհի հետ կապ ունեցող անձինք կենթարկվեն պատասխանատվության։ Այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ավինյանի հրամանով աշխատանքից ազատվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Վարդապետյանը։
Հոկտեմբերի 11–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ աղբավայրի հրդեհի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը)։