ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի փաստով քննություն է սկսվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը)»,–ասաց ՔԿ խոսնակը։
Հիշեցնենք` Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել հոկտեմբերի 10–ի գիշերը, Երևանի տարբեր հատվածներից երևում էր այնտեղից բարձրացող ծխի մեծ ամպը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրդեհից ժամեր անց հայտարարեց, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը պատահական չէր, դիտավորություն էր` զգուշացնելով, որ հրդեհի հետ կապ ունեցող անձինք կենթարկվեն պատասխանատվության։ Այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ավինյանի հրամանով աշխատանքից ազատվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Վարդապետյանը։