ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Լեհաստանը 50%-ով կրճատել է Աֆրիկայի և Ասիայի երկրների քաղաքացիներին տրվող վիզաների քանակը։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։
«Մենք 50%-ով կրճատել ենք Աֆրիկայի և Ասիայի երկրներից անձանց տրվող վիզաների քանակը։ Մենք հաջողությամբ դիմակայում ենք անօրինական միգրացիային», – գրել է Սիկորսկին X հարթակում։
2023-ին Լեհաստանում ծագել էր այսպես կոչված «վիզային սկանդալ»։ Հետաքննությունը ցույց էր տվել, որ դիվանագիտական և հյուպատոսական հաստատությունների առանձին աշխատակիցներ վարձատրության դիմաց արագացված կարգով փաստաթղթեր են տրամադրել Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիներին:
Տարբեր գնահատականներով՝ ընդհանուր առմամբ` խախտումներով կարող էր տրվել մինչև 350 հազար վիզա։ Քննության ուշադրության կենտրոնում է հայտնվել Լեհաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Պյոտր Վավժիկը, որը ղեկավարել է հյուպատոսական հարցերը:
Միջադեպից հետո Լեհաստանի կառավարությունը կադրային փոփոխություններ է կատարել ԱԳՆ-ում, խստացրել ներքին ստուգումները և խզել պայմանագրերը մի շարք միջնորդների հետ: