Հունգարիայում ստորագրահավաք է սկսվում Բրյուսելի ռազմական ծրագրերի դեմ. Օրբան

Օրբանի խոսքով՝ Եվրոպան «ավելի ու ավելի արագ է գլորվում դեպի պատերազմ», իսկ Բրյուսելում ներկայացված նախաձեռնություններն իրական ծրագրեր չեն, այլ միայն «երազանքներ»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Հունգարիայում ստորագրահավաք է սկսվում ընդդեմ Եվրամիության ռազմական ռազմավարության, որն ուղղված է «Ռուսաստանի դեմ հաղթանակին»: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը Կոպենհագենում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Օրբանի խոսքով՝ Եվրոպան «ավելի արագ է գլորվում դեպի պատերազմ», իսկ Բրյուսելում ներկայացված նախաձեռնություններն իրական ծրագրեր չեն, այլ միայն «երազանքներ»:

«Մենք չենք կարող հետևել դրան առանց որևէ բան անելու։ Մենք պետք է նորից ցույց տանք, որ հունգարացի ժողովուրդը պատերազմ չի ուզում։ Հենց այդ պատճառով այսօր մենք ստորագրահավաք ենք սկսում Բրյուսելի ռազմական ծրագրերի դեմ։ Մենք կլինենք յուրաքանչյուր քաղաքում և յուրաքանչյուր գյուղում, քանի որ այժմ մեզ պետք է խաղաղություն ցանկացող յուրաքանչյուր հունգարացի», - գրել է Օրբանը Facebook-ի իր էջում։

Վարչապետը նաև հայտարարել է, որ Հունգարիայի դեմ Բրյուսելում «լայնամասշտաբ արշավ» է ծավալվել՝ լրտեսության, ֆեյքերի տարածման և «իրավական մանիպուլյացիաների» մեղադրանքներով: Նրա խոսքով՝ այդ գործողությունների նպատակն է ազդել 2026-ի խորհրդարանական ընտրությունների վրա՝ «ազգային կողմնորոշված կառավարությանը» հեռացնելու և արևմտամետ ընդդիմությանը իշխանության բերելու համար։
Ավելի վաղ Օրբանը պնդել էր, որ ԵՄ շատ երկրներ փակ դռների հետևում կիսում են իր մտահոգությունները և համաձայն են, որ Եվրոպան ավելի ու ավելի է մոտենում Ուկրաինայի հակամարտությանը ուղղակի ռազմական մասնակցությանը: Նա նաև նախազգուշացրել է, որ վաղ թե ուշ եվրոպացի զինվորականները կարող են հայտնվել Ուկրաինայի տարածքում և «դագաղների մեջ տուն վերադառնալ»:
Ուկրաինան կորցրել է ինքնիշխանությունը. Հունգարիայի վարչապետ
Հունիսի 9-ին Հունգարիայի վարչապետը հայտարարել էր, որ Եվրամիությունն ի վիճակի չէ հաղթանակի հասնել Ուկրաինայում և պետք է դիվանագիտական լուծում փնտրի: Հակառակ դեպքում, ըստ նրա, Եվրոպան վտանգում է «նոր Աֆղանստան» ստանալ իր սահմաններից դուրս: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 7-ին, Օրբանը ենթադրել էր, որ հակամարտության ավարտից հետո Ուկրաինան կարող է բաժանվել երեք գոտիների՝ ռուսական, ապառազմականացված և արևմտյան: