ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր հնչած կրակոցների դեպքով 1 անձ ձերբակալվել է խուլիգանություն կատարելու համար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Աբովյան քաղաքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցներ: Միջադեպի հետևանքով կան 3 վիրավորներ, որոնցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 3-րդ մասի (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:
Նշանակվել են դատաձգաբանական, դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է։