Sputnik Ադրբեջանի տնօրեն Իգոր Կարտավիխն ազատ է արձակվել կալանքից

Որոշումն ընդունվել է Դուշանբեում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման նախօրեին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Sputnik Ադրբեջանի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխն ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին «Կոմերսանտին» հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կարտավիխի առողջական վիճակը տագնապալի է, նրան անհրաժեշտ է դեղորայք, այդ թվում՝ ինսուլին:
Բանակցություններն առաջին հերթին ընթացել են նախագահի օգնականների մակարդակով։ Թերթի տեղեկություններով՝ Յուրի Ուշակովը անմիջականորեն աշխատել է ադրբեջանցի գործընկեր Հիքմեթ Հաջիևի հետ, իսկ որոշումն ընդունվել է Դուշանբեում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման նախօրեին:
Օգնականները հնարավորություն են ունեցել համակարգել այս աշխատանքը անմիջականորեն նախագահների հետ, ինչի շնորհիվ, ըստ Յուրի Ուշակովի, հնարավոր է դարձել Իգոր Կարտավիխի ազատ արձակումը:
Ընդ որում, Sputnik Ադրբեջանի գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը դեռևս անազատության մեջ է։
Ռուսական կողմն իր հերթին ազատ է արձակել Ռուսաստանում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներից մեկին:
Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան գործակալությունում (մտնում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մեջ) ձերբակալել են յոթ մարդու, այդ թվում՝ գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը ադրբեջանական ուժայինների գործողություններն անվանել է անհիմն, իսկ մեղադրանքները՝ մտացածին: Խմբագրության աշխատանքն արգելափակված է։ «Ռոսիա սեգոդնյան» պահանջել էր Ադրբեջանի իրավապահ մարմիններից անվերապահորեն ղեկավարվել օրենսդրությամբ և անհապաղ ազատ արձակել այն մարդկանց, որոնք ընդամենը իրենց մասնագիտական պարտքն են կատարել:
Մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է` այն, ինչ տեղի է ունենում, ընկալվում է որպես անարդարություն և թողնում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները վատթարացնելու նպատակով կանխամտածված քայլի տպավորություն:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ուշադիր է վերաբերվում Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալման մասին տեղեկություններին: Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ ուղիղ շփումների ընթացքում կհաջողվի հասնել ձերբակալված լրագրողների ազատ արձակմանը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Բաքուն երբեք դժգոհություն չի հայտնել ո՛չ Sputnik Ադրբեջանի գրասենյակի, ո՛չ էլ լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Նրա խոսքով` գործակալության դեմ քայլերը ձեռնարկվել են այլ նկատառումներով։
Նշենք, որ ռուս–ադրբեջանական հարաբերությունները սրվեցին, երբ Եկատերինբուրգում ձերբակալվեցին ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք կասկածվում են սպանությունների և այլ հակաիրավական գործողությունների համար:
ՌԴ ժուռնալիստների միությունը պահանջում է ազատ արձակել Sputnik Ադրբեջանի գործընկերներին