Սպիտակ տունն արձագանքել է Խաղաղության Նոբելյան մրցանակի մասին որոշմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս ասել է, որ ինքն արժանի է Խաղաղության մրցանակի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի խաղաղության համաձայնագրեր կնքել ամբողջ աշխարհում և կարգավորել ռազմական հակամարտությունները՝ չնայած Նոբելյան կոմիտեի որոշմանը։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տունը` արձագանքելով Նոբելյան կոմիտեի որոշմանը:
Այսօր Օսլոյում Նոբելյան կոմիտեն հայտարարել է, որ 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին:
Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Սթիվեն Չանգը հայտարարել է, որ Նոբելյան կոմիտեի համար քաղաքականությունն ավելի կարևոր է, քան բուն խաղաղությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս ասել է, որ ինքն արժանի է Խաղաղության մրցանակի, քանի որ իր նախագահության մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում կարողացել է «7 պատերազմ» դադարեցնել։ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար Թրամփին առաջադրելու առաջարկով հանդես էին եկել մի քանի երկրների իշխանություններ, այդ թվում՝ Իսրայելը, Պակիստանը, Կամբոջան, Գաբոնը, Ռուանդան, Հայաստանն ու Ադրբեջանը: