ՌԴ դիվանագետներն այցելել են կալանքից ազատ արձակված Իգոր Կարտավիխին. Զախարովա

Իգոր Կարտավիխի բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Բաքվում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչներն այցելել են Sputnik Ադրբեջանի տնօրեն Իգոր Կարտավիխին, որն արդեն գտնվում է տնային կալանքի պայմաններում: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Այսօր հայտնի դարձավ, որ Sputnik Ադրբեջանի տնօրենի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով, նա գտնվում է Բաքվում։
«Դեսպանատան ներկայացուցիչներն այցելել են Կարտավիխին, որի կալանքն օրերս փոխարինվել է տնային կալանքով։ Այս ամբողջ ընթացքում ՌԴ դիվանագետները ադրբեջանական կողմի աջակցությամբ կապի մեջ են եղել նրա հետ, անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը», - ասել է Զախարովան։
Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան գործակալությունում (մտնում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մեջ) ձերբակալեցին յոթ մարդու, այդ թվում՝ գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին: «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը հայտարարեց, որ ադրբեջանական ուժայինների գործողություններն անհիմն են, մեղադրանքները՝ մտացածին: Մեդիախումբը Ադրբեջանի իրավապահ մարմիններից պահանջեց ղեկավարվել օրենսդրությամբ և անհապաղ ազատ արձակել այն մարդկանց, որոնք ընդամենը իրենց մասնագիտական պարտքն են կատարել: