ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Նման սցենար չկա, դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձեռագիրը չէ։ Շիրակի մարզպետարանում հերթական մարզխորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությանը։ Նա չի հասկանում, թե Ղուկասյանն ինչ հիմքով է ասում, որ մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ իրեն ձերբակալելու են։
Ավելի վաղ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված հայտարարությունը կյանքից զրկելու սպառնալիք է համարում։ Նա հրավիրել էր իրավապահների և ընդդիմադիր գործիչների ուշադրությունը։
Հոկտեմբերի 1-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարեց. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի՝ համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։...Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»։
«Պարոն Ղուկասյանն ինչի՞ մասին է խոսում, չեմ կարող ասել, գուցե ինքն ինֆորմացիաներ ունի։ Մենք նման սցենար չունենք, մենք նման ձեռագրով չենք առաջնորդվում։ Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ շատ համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքապետ չունի, և որպես այդպիսին մենք այդ ամենից ողբերգություն չենք սարքում։ Ընտրություններ են եղել, մեզ համար ամենակարևորն արդար, մաքուր ընտրություններ լինելն է ու այդ ընտրություններով լեգիտիմ իշխանություն ձևավելը։ Կառավարությունն իր գործունեությունն ուղղում է ի շահ բնակչի»,- ասաց մարզպետը։
Դիտարկմանը, որ Վարդան Ղուկասյանին «դուրս շպրտելու» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ԱԺ-ից հայտարարել, Դավիթ Առուշանյանն արձագանքեց, թե վարչապետի խոսքն անձամբ Վարդան Ղուկասյանին չէր ուղղված։
«Ինչքան ես եմ հասկանում՝ վարչապետի խոսքը ուղղված էր այն բոլոր պետական պաշտոնյաներին ու ոչ միայն պետական պաշտոնյաներին, որոնք գտնում են, որ ազատ ու ինքնիշխան ՀՀ-ն պետք է լինի միութենական պետության կազմում։ Այդ պարագայում, բնականաբար, ես ևս համաձայն եմ, որ մեր ինքնիշխանությունը չի կարելի դնել կասկածի տակ, մանավանդ՝ պետական պաշտոնյաների կողմից»,- շարունակեց Առուշանյանը։
Շիրակի մարզպետը հակադարձեց նաև Ղուկասյանի հայտարարություններին, թե ՔՊ-ն բռնաճնշումների ճանապարհով է գնում։
«Ռեպրեսիաներն այն ժամանակ էր, երբ պարոն Ղուկասյանը, ընտրված քաղաքապետ լինելով, հրաժարականի դիմում գրեց ու դուրս եկավ պաշտոնից։ Հաջորդ անգամ նրան թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին, որի մասին ես չէ, այլ ինքը՝ պարոն Ղուկասյանն է ասում»,- ընդգծեց Դավիթ Առուշանյանը։
Ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջով հայտարարություններ անելու համար Առուշանյանի քննադատությանը, մարզպետն ասաց, թե կառավարության որոշում կա, թե ինչի մասին պետք է լինեն համայնքապետարանների կայքերը և սոցիալական ցանցերը։ Այսինքն` պետք է լինեն աշխատանքի, արվելիք աշխատանքի, հանրային քննարկումների, տեղեկատվության փոխանցման, տարբեր հարցերի մասին։