ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Սանկտ Պետերբուրգում սպանել են հայտնի ճարտարապետ, «SUART» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Սուպոնիցկուն։ Տեղեկությունը հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
Ճարտարապետին սպանել են առավոտյան 10 տարեկան դստերը դպրոց ճանապարհելիս։ ԶԼՄ-ների տվյալներով՝ նրանք դուրս են եկել երրորդ հարկում գտնվող իրենց բնակարանից և վերելակի մոտ հանդիպել են անծանոթի: Վերջինս կրակել է Սուպոնիցկու ծոծրակին, աղջիկը փախել է բնակարան։ Մայրը, լսելով երեխայի ճիչը, անմիջապես բացել է դուռը։
«SHOT»-ի տվյալներով՝ սպանության մեջ կասկածվում է ճարտարապետի 50-ամյա հարևանը, որը վաղուց կոնֆլիկտ է ունեցել նրա հետ։ Նշվում է, որ սպանությունից հետո չարագործը հրկիզել է շենքի երկրորդ հարկը, իսկ հետո ինքնասպան է եղել:
70-ամյա Սուպոնիցկին մասնակցել է Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Գորկովսկայա», «Ֆրունզենսկայա» կայարանների, Հաղթանակի զբոսայգու, «Նևայի ռատուշա» թաղամասի, «Վոստոչնի» զբոսանավային ակումբի և այլ օբյեկտների նախագծմանը։