ՌԴ–ն ԱՄՆ–ին կոչ է անում սթափ մոտենալ Ուկրաինային «Տոմահավկ» մատակարարելու հարցին. Ռյաբկով

ՌԴ փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ թևավոր հրթիռների օգտագործումն անհնար է առանց ամերիկյան անձնակազմի մասնակցության:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է անում սթափ և խելամտորեն մոտենալ Ուկրաինային «Տոմահավկ» թևավոր հրթիռների մատակարարման հարցին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Դիվանագետն ընդգծել է, որ տվյալ թևավոր հրթիռների և դրանց արձակման կայանքների օգտագործումը հնարավոր է միայն ամերիկյան անձնակազմի մասնակցությամբ:
Մենք Վաշինգտոնի հետ հարաբերությունների կարգավորման կուրս ենք վարում․ ՌԴ ԱԳՆ
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News հեռուստաալիքին հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը քննարկում է Ուկրաինային «Տոմահավկ» թևավոր հրթիռների հնարավոր մատակարարումը: Ավելի ուշ Թրամփն անձամբ ասել է, որ «ինչ-որ իմաստով որոշում է կայացրել» այդ հեռահար հրթիռները փոխանցելու մասին, բայց կցանկանար իմանալ, թե կոնկրետ ինչ նպատակով են Ուկրաինայի զինված ուժերը կիրառելու «Տոմահավկները»:
«...Նման համակարգերի ի հայտ գալը, եթե գործը դրան հասնի, կնշանակի իրավիճակի էական, նույնիսկ որակական փոփոխություն։ Բայց դա չի ազդի դրված նպատակներին հասնելու մեր վճռականության վրա», - լրագրողներին ասել է Ռյաբկովը։
Դիվանագետը նաև նշել է, որ Ուկրաինայի խնդրի կարգավորման իմպուլսը, որն առաջացավ Ալյասկայում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո, սպառվել է, ինչը, նրա խոսքով, նախ և առաջ եվրոպացիների ապակառուցողական գործունեության արդյունք է։
Անդրադառնալով ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի վերաբերյալ Պուտինի նախաձեռնությանը՝ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան դեռևս չի ստացել Վաշինգտոնի պաշտոնական արձագանքը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանն իր առաջարկով ձեռք է մեկնել ԱՄՆ-ին, բայց եթե դա Միացյալ Նահանգներին չի հետաքրքրում, ապա ՌԴ-ն առանց դրա էլ գլուխ կհանի գործից։
ՌԴ–ն ԱՄՆ–ին փոխզիջումների կոչ է անում. Սերգեյ Ռյաբկովը` ԲՐԻԿՍ-ի մասին