ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Պետդուման լիագումար նիստում հավանություն է տվել պլուտոնիումի օգտահանման մասին ԱՄՆ-ի հետ համաձայնագրի չեղարկման մասին օրենքին: Հուլիսին կառավարության ներկայացրած փաստաթուղթը նախատեսում է դադարեցնել օգոստոսի 29-ին Մոսկվայում և 2000 թվականի սեպտեմբերի 1-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը։
Համաձայնագիրը վերաբերում էր ռազմական ծրագրերի համար ոչ պիտանի ճանաչված պլուտոնիումի օգտահանմանը և այդ ոլորտում կողմերի համագործակցությանը: Սակայն 2016 թվականին դրա կատարումը դադարեցվել էր Ռուսաստանի նախագահի հրամանագրով։ Պատճառների թվում նշվել էին ԱՄՆ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները, Ուկրաինային աջակցելու մասին օրենքի ընդունումը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացումը, ինչպես նաև առանց Մոսկվայի հետ համաձայնեցման պլուտոնիումի օգտագործման կարգը փոխելու ամերիկյան միակողմանի փորձերը:
Օրենքին կից բացատրական գրության մեջ նշվում է, որ համաձայնագրի գործողության վերականգնման համար անհրաժեշտ պայմաններից ոչ մեկը չի կատարվել: Հակառակը` ԱՄՆ-ը ձեռնարկել է նոր քայլեր, որոնք արմատապես փոխել են ռազմավարական հավասարակշռությունը և լրացուցիչ սպառնալիքներ ստեղծել կայունության համար:
Փաստաթղթի համաձայն՝ համաձայնագիրը և դրան կից արձանագրությունները չեղյալ են հայտարարվում Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 62-րդ հոդվածի համաձայն՝ կապված դրանց կնքման ժամանակ գոյություն ունեցող հանգամանքների արմատական փոփոխության հետ։