Իսրայելը Գազայի հատված ուղևորվող նավերի ևս մեկ խումբ է կալանել. ԱԳՆ

Խոսքը «Ազատության նավատորմի կոալիցիայի» ինը նավերից բաղկացած խմբի մասին է, որոնցում շուրջ 100 պաղեստինցի ակտիվիստ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելցի զինվորականները Գազայի հատված ուղևորվող նավերի ևս մեկ խումբ են կալանել ծովում։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Իսրայելի արտգործնախարարությանը։
«Գազայի հատվածի օրինական ծովային շրջափակումը ճեղքելու և ռազմական գործողությունների գոտի մտնելու հերթական ապարդյուն փորձը… Նավերն ու ուղևորները տեղափոխվել են իսրայելական նավահանգիստ։ Բոլոր ուղևորները ողջ-առողջ են, և սպասվում է, որ նրանք առաջիկայում կարտաքսվեն», - հայտնել են նախարարությունից։
Ըստ «The Times of Israel»–ի` խոսքը «Ազատության նավատորմի կոալիցիայի» ինը նավերից բաղկացած խմբի մասին է, որոնցում գտնվել են մոտ 100 պաղեստինցի ակտիվիստներ. նրանք նպատակ ունեին ճեղքել Գազայի շրջափակումը և մտնել անկլավ: Ակտիվիստները իտալական նավահանգիստներից մեկից դուրս են եկել մոտ երկու շաբաթ առաջ։ Նրանք ասել են, որ ավելի քան 110 հազար դոլար արժողությամբ մարդասիրական բեռներ էին տանում Գազայի բնակիչների համար:
Մեկ շաբաթ առաջ Իսրայելի ռազմածովային ուժերը ծովում կալանել էին «Սումուդ» նավատորմի ավելի քան 40 նավ, որոնցում գտնվողները նույնպես փորձել էին մտնել շրջափակված պաղեստինյան անկլավ: Մոտ 450 ակտիվիստներ, որոնց թվում էր շվեդ իրավապաշտպան Գրետա Թունբերգը, բերման էին ենթարկվել և տեղափոխվել են Իսրայել, այժմ նրանց աստիճանաբար արտաքսում են երկրից:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
Գազայի հատվածն իսրայելական հարձակումներից առաջ և հետո