ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Իրանն ընդհանուր առմամբ ցանկանում է Ռուսաստանի հետ համագործակցությամբ կառուցել 8 ատոմակայան: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին:
Նա հիշեցրել է, որ երկրների միջև գործում է համապատասխան արձանագրություն։
Էսլամիի խոսքով, որը մեջբերել է Mehr գործակալությունը, Բուշերում կառուցված կայանն արդեն շահագործվում է (Իրանի էներգահամակարգին միացել է դեռևս 2011 թվականին - խմբ.)։ 2-ը շինարարության փուլում են, ևս 5-ը՝ ընդհանուր 5 հազար մեգավատ հզորությամբ, նախատեսվում է կառուցել Հորմոզգան նահանգում։
Էսլամին խոսել է հունիսին Իսրայելի հարձակումների ընթացքում միջուկային օբյեկտներին հասցված վնասների, ինչպես նաև միջուկային օբյեկտների վերականգնման միջոցառումների մասին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին «Իրան Հորմոզ» ընկերության և կապալառու «Ռոսատոմ» կորպորացիայի միջև ստորագրվել էր 25 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագիր՝ մասնավորապես Հորմոզգանում 3-րդ սերնդի 4 ժամանակակից միջուկային էներգաբլոկների կառուցման վերաբերյալ: